BULLETIN OF
THE INSTITUTE OF
ORIENTAL STUDIES
ԲԱՆԲԵՐ
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

Համարներ

ԲԱՆԲԵՐ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ, ՀԱՏՈՐ III (38), ՀԱՄԱՐ 1

Բովանդակություն
    Հոդվածներ
  1. Ռոբերտ Ղազարյան
    Խեթական Վաղ թագավորության պատմության հիմնահարցեր
    էջեր 17-29

    Խեթական պետությունը պատմական կապերով սերտորեն առնչվում է Քանեշի թագավորության հետ։ Նրա նախապատմությունը վեր հանելու համար, հարկավոր է ուսումնասիրության առարկա դարձնել մ.թ.ա. II հազարամյակի II կեսի Քանեշ կամ Նեսա քաղաք-պետության պատմության վերջին փուլը։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել պետական համակարգի անցումը Քանեշից դեպի Խաթթուսա: Հարկավոր է նաև պարզել կապը խեթական Հին թագավորության արքաների և քանեշյան արքայատոհմի միջև և այն, թե ինչ ազդեցություն է թողել Քանեշի պետական համակարգը Հին խեթական պետության վրա։ Հոդվածում քննարկման առարկա են դարձել վերոհիշյալ խնդիրները, ինչպես նաև Վաղ խեթական պետության պատմության մի շարք այլ հիմնախնդիրներ։

  2. Արամ Քոսյան
    Իսուվայի բնակավայրերը մ.թ.ա. II հազարամյակում
    էջեր 30-36

    Մ․թ․ա․ II հազ․ երկրորդ կեսի խեթական սեպագիր աղբյուրներում հիշա-տակվում է 21 տեղանուն, որոնք տեղադրվում են Իսուվայի տարածքում։ Ըստ հնագիտական ուսումնասիրությունների, դրանց քանակը անհամեմատ ավելի մեծ պետք է լիներ։ Հոդվածում ներկայացված են վերոհիշյալ տեղանունները՝ խմբավորված ըստ հղվող տեքստերի։ Իսուվայի պեղված բազմաթիվ հնավայրերում արձանագրված են վաղ երկաթեդարից մինչև միջնադար ընդգրկող մշակութային շերտեր, ինչը կարող է վկայել ակնհայտ շարունակականության մասին։ Դրանց պետք է հավելել որոշ իսուվական տեղանունների հիշատակությունները նաև անվանաբանական մակարդակով (օրինակ՝ Խինձուտա-Անձիտ, Պալիսնա-Պաղին, Տախխիսա-Դեգիք)։

  3. Ռուբեն Մանասերյան
    Վոնոն թագավորի «քաղաքավարությունը»
    էջեր 37-43

    Հռոմից պարթևների հրավերով Արշակունիների գահին բազմած Վոնոնը` Հրահատ IV-ի որդին, յուրացրել էր դեռևս հանրապետական Հռոմում ձևավորված քաղաքական մշակույթը` կառավարման գործելակերպը։ Այն հիմնված էր անձի՝ քաղաքացու իրավունքների հարգման սկզբունքի վրա և իշխանավորից պահանջում էր իր գերակայությունը չշեշտող մոտեցում, արտաքնապես իրավահավասար հարաբերությունների պահպանում։ Պրինցիպատի միապետական վարչակարգը որդեգրել էր այդ քաղաքական հանրապետական համակարգը սոսկ ձևապաշտորեն՝ իբրև դաժան բռնաճնշումների վրա հիմնված, իրական իշխանության հարաբերությունների պաշտոնական ծածկույթ։ Կտրված այդ իրողության ըմբռնումից՝ Վոնոնը փորձեց Հռոմի հանրապետական քաղաքական մշակույթը փոխադրել արևելյան ավանդույթապահ հասարակության մեջ, որի պատկերացումներով արքան՝ բռնություն գործածելու միշտ պատրաստակամ տիրակալը, անմիջապես վախ պիտի ներշնչեր իր հպատակներին (metus) որպես իր կամքի կատարման խթան։ Իր հպատակների հետ անմիջական հարաբերությունների մեջ Վոնոնը` հավատարիմ իր քաղաքական պատկերացումներին, ներմուծեց նրբանկատ սիրալիրությունը, նաև անձնական մատչելիությունը։ Դրանով իսկ նա մերժում էր վախը թագավորի հետ հարաբերություններում, փաստորեն քանդում թագավորի մասին կարծրատիպային պատկերացումները։ Նման գործելակերպը ավագանու կողմից մեկնվեց իբրև հռոմեական կայսրից յուրացված ստրկական վարվելակերպի դրսևորում։ Վոնոնը գահընկեց արվեց։ Վոնոնի պատմության մեջ արտացոլվեց Հռոմի և տոհմացեղային քաղաքական մշակույթների իրարամերժությունը, որի հիմքում էին մարդու, անհատի մասին հակադիր պատկերացումները:

  4. Արթուր Մաթեվոսյան
    Ս. Երրորդության դավանանքը Եզնիկ Կողբացու «Առ երանելի Մաշտոց Վարդապետ» թղթում
    էջեր 44-51

    «Գիրք թղթոց»-ում պահպանվել է Եզնիկ Կողբացու «Առ երանելի Մաշտոց վարդապետ» թուղթը, որը 5-րդ դարի հայ Եկեղեցու դավանանքը արտացոլող կարևոր փաստաթղթերից է: Ամփոփ, Եզնիկ Կողբացու «Առ երանելի Մաշտոց վարդապետ» թղթի մեջ պարունակվող դավանաբանական հայեցակարգը կարելի է բնութագրել այսպես: Հայոց Եկեղեցու դավանաբանական համակարգի հիմքում ընկած է Նիկիո հանգանակի այն դրույթը, որի համաձայն Աստված մի էություն է և երեք Անձեր: Աստված Սուրբ Երրորդություն է, որն ունի երեք Անձ և մեկ բնություն: Այս երեք Աստվածային Անձերն ունեն մի էություն, մեկ կամք, զորություն, թագավորություն, ուժ և փառք: Անձերը մեկը մյուսից ոչ փոքր են, ոչ մեծ, բայց նույնքան հզոր, համագո և համապատիվ: Հայր Աստված չի ծնվել, Որդին ծնվել է Հորից, և Սուրբ Հոգին բխում է նույն Հորից: Անձերից մեկը՝ Բան Աստված, մարմնացավ Սուրբ Կույսից և դարձավ կատարյալ մարդ՝ ունենալով՝ բացի մեղքից, մարդկային բնության բոլոր հատկանիշները, այսինքն՝ հոգին, մարմինը և միտքը: Նա ուներ մեկ աստվածամարդկային բնություն, բայց ոչ մի դեպքում միայն աստվածային բնություն: Հիսուս Քրիստոս Աստծո միածին Որդին է ու կատարյալ Աստված, ուստի Նրան ծնած Ս.Կույսը պիտի կոչվի Աստվածածին: Իհարկե, դա չի նշանակում, որ Ս.Կույսը ծնել է Քրիստոսին ըստ Իր Աստվածության, քանզի վերջինս հավիտենական է և անստեղծ: Նա ծնել է Քիստոսի մարդկային բնությունը, որն ի սկզբանե միեղեն էր Բանի Աստվածային բնության հետ: Ուստի Սուրբ Կույսին պետք է անվանել Աստվածածին, այլ ոչ թե Քրիստոսածին, ինչպես դա անում էր Նեստորը:Նրա մարմինը ոչ թե մարդու, այլ Բանի մարմին էր՝ չդադարելով ունենալ մարդկային բնության բոլոր հատկությունները՝ բացի մեղսականությունից: Քրիստոս աստվածությամբ նույնական էր Հոր հետ, իսկ մարդկությամբ՝ Սուրբ Կույսի և բոլոր մարդկանց հետ: Քրիստոսի մեջ աստվածությունն ու մարդկությունը մեկ էին, բայց նրանցից յուրաքանչյուրը պահպանում էր իր առանձնահատկությունները, և նրանք չէին խառնվում միմյանց հետ: Միևնույն ժամանակ, չպետք է ենթադրել, որ Քրիստոսի մարմինը նման էր տաճարի, որտեղ բնակվում էր Բան Աստված, ինչպես հավատում էին նեստորականները: Քրիստոս ևս մեկ անգամ կվերադառնա երկիր՝ ողջերին ու մեռելներին դատելու, արդարներին հավիտենական կյանք պարգևելու, իսկ մեղավորներին հավիտենական տանջանքներին մատնելու համար։

  5. Ադամ Կուբիկ, Օլեգ Ռադյուշ, Լեոնիդ Վյազով
    VI դարի ասիական ամբողջական երկաթե սաղավարտների մի շարքի մասին
    էջեր 52-82

    Հոդվածում նկարագրվում է սաղավարտների մի տեսակ, որը հավանաբար տարածվել է Ասիայում և Արևելյան Եվրոպայում VI դարի կեսերից մինչև դարի երկրորդ կեսը ընկած ժամանակահատվածում: Այդ սաղավարտները բնութագրվում են առանձնահատուկ կառուցվածքով. նրանք պատրաստված են երկաթե մեկ ամբողջական թասանման կտորից, որի ստորին մասում կա լրացուցիչ կապ, որը ամրակցված է սաղավարտի ներսի կամ դրսի եզրին: Բացի այդ, սաղավարտի ստորին մասում ամրացվել է օձիքանման օղազրահ։ Կցված օղազրահը ապահովում է լրացուցիչ պաշտպանություն սաղավարտի ամբողջ շրջագծով մեկ, ներառյալ՝ ճակատամասի: Սաղավարտների այս հատկանիշը բավականին երկար ժամանակ հանրա-ճանաչ չէր եվրոպական սպառազինության մեջ և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տարածվեց միայն XVI դարում: Հոդվածում քննարկման առարկա է դարձել նաև սաղավարտների այդ տեսակի իրանական ծագման մասին վարկածը, ինչպես նաև առաջ են քաշվում տեսություններ Արևելյան Եվրոպայում և Ասիայում այդ սաղավարտների տարածման հնարավոր պատճառների մասին:

  6. Քրիստինե Կոստիկյան
    Այսրկովկասի քաղաքների հայ քալանթարները ԺԷ-ԺԸ դարերում
    էջեր 83-91

    ԺԷ-ԺԸ դարերում Իրանի Սեֆյան, Աֆշարական ու Ղաջարական պետու-թյունների տիրապետության տակ գտնվող Այսրկովկասի հայկական գյուղաքա-ղաքներից ու քաղաքներից շատերի (Երևան, Ագուլիս, Զագամ, Լոռի, Ջուղա) ղեկավարի՝ քալանթարի պաշտոնը զբաղեցրել են հայ նշանավոր մելիքներ կամ վաճառականներ, որոնց մի մասի անունները պահպանվել են պատմական սկզբնաղբյուրներում։ Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ Երևանի քալանթարի պաշտոնը զբաղեցրել են Գեղարքունիքի Մելիք-Շահնազարյանների տան չորս ներկայացուցիչներ, որոնք իրենց դիրքում հաստատվել են Իրանի տիրակալներ շահ Աբբաս Ա-ին և Նադիր շահին Օսմանյան պետության դեմ պատերազմներում մատուցած ծառայությունների դիմաց։ Հոդվածում ներկայացվում են նաև քալանթարի պաշտոնի գործառույթները, որոնք Այսրկովկասի հայկական շրջաններում ունեին որոշ առանձնա-հատկություններ։ Այդ առանձնահատկություններն են քաղաքի մելիքի դիրքի համարժեքությունն այդ պաշտոնին, նաև արհեստագործական արտադրության ու առևտրի հետ սերտ կապի մեջ գտնվող հարևան գյուղերի բնակչության ու նրանց վերնախավի որոշակի կախվածությունը քաղաքի քալանթարից և նրա ենթակայության տակ գտնվելը։

  7. Դավիթ Մերքվիլաձե
    Քարթլի-Կախեթի արքա Հերակլ II-ի ծրագրերը կապված դեպի Դաղստան 1775 թ. ռուսական զորքերի արշավանքի
    էջեր 92-101

    1775 թվականի գարնանը Ղայթաղի ուցմի Ամիր-Համզային պատժելու նպատակով Դաղստան ուղարկվեց ռուսական ռազմական արշավախումբ գեներալ Մեդեմի հրամանատարությամբ, որից հետո Դերբենտի Ֆաթալի խանի հրավերով զորքերը մտան քաղաք Դերբենդ: Այս արշավանքին արձագանքեց Քարթլի-Կախեթի թագավոր Հերակլ II-ը: Վերջինս փորձեց շահագրգռել ռուսական իշխանություններին, որպեսզի Դերբենդում ռուսական զորքերը մնան երկարաժամկետ, ինչպես նաև առաջարկեց նրանց շարունակել զորքերի արշավը դեպի Հարավային Կովկաս: 1775 թվականի մայիսի 6-ին գեներալ Մեդեմին ուղղված նամակում Հերակլ II-ի նամակի վերլուծության արդյունքում, հեղինակը եզրակացնում է, որ Հերակլ II-ը ունեցել է երկու ծրագիր. ա) նրա «նվազագույն ծրագիրն» կապված է եղել Մեդեմի հյուսիս-արևելյան արշավանքի հետ՝ նպատակ ունենալով հնարավորինս երկարացնել Դերբենդում Մեդեմի զորքերի գտնվելու ժամանակը, բ) իսկ «առավելագույն ծրագիրը» եղել է նպաստել և հասնել նրան, որ ապահովվի ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի Շիրվան և Քարթլի-Կախեթի սահմաններ։ Սակայն Հերակլ II-ի վերոհիշյալ նախաձեռնությունները ձախողվեցին: Շուտով Մեդեմը հետ կանչվեց Դերբենդտից, իսկ այնտեղ տեղակայված ռուսական զորքերի մի մասը հեռացավ։ Ռուսական կայսերական արքունիքի նման որոշումները մեծապես որոշեցին վրաց ցարի հետագա արտաքին քաղաքական քայլերը, հատկապես՝ Օսմանյան կայսրության հետ նրա քաղաքական մերձեցման տեսանկյունից։

  8. Մյասնիկ Եսոյան
    Արևմտահայության դրության լուսաբանումը եգիպտահայ մամուլում (1899-1904 թթ.)
    էջեր 102-113

    20-րդ դարասկզբի եգիպտահայ մամուլի կարևորագույն խնդիրներից է եղել թուրքական լծից հայրենիքի ազատագրումը: Այն իր հրապարակումներում քննադատել է օսմանյան բռնապետությունը, մերկացրել համիդյան բռնակալությու-նը, դատապարտել Օսմանյան կայսրության հայահալած քաղաքականությունը: Եգիպտահայ մամուլին մշտապես մտահոգել է Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում տիրող իրադրությունն, ու այն պարբերաբար իր հրապարակումներով փորձել է ընթերցողին ներկայացնել արևմտահայության ծանր իրավիճակը: Եգիպտահայ մամուլը մեծ տեղ է հատկացրել ազգային խնդիրների արծարծմանն ու լուսաբանմանը եգիպտահայության շրջանում` մեծապես անդրադառնալով 1904 թ. Սասունի ապստամբության լուսաբանմանը: Ի տարբերություն եգիպտահայ «Փիւնիկ», «Արշալոյս», «Ազատ Բեմ», «Նոր օր» պարբերականների, որոնք խիստ քննադատության են ենթարկել օսմանյան իշխանությունների հայահալած քաղաքականությունը՝ «Ժողովուրդը» և «Պարտեզը» բավարարվել են միայն որոշ տեղեկություններ հաղորդելով արևմտահայության դրության վերաբերյալ: Ազգային խնդիրների շարքում եգիպտահայ մամուլն անդրադարձել է նաև Արևմտյան Հայաստանում քրդական վայրագությունների, արևմտահայ գաղթականների ու որբերի դրության լուսաբանմանը: Եգիպտահայ պարբերականները 20-րդ դարի սկզբին արդեն կանխատեսում էին սպասվելիք աղետը և թուրք-քրդական վայրագությունները Մեծ Եղեռնի նախակարապետն էին համարում:

  9. Թերեզա Ամրյան
    19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին կեսին Իրանի հայկական դպրոցներում պարսից լեզվի դասավանդման շուրջ
    էջեր 114-129

    Հոդվածում անդրադարձ է կատարվել 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին կեսին Իրանի հայկական դպրոցների գործունեությանը և այդ դպրոցներում պարսկերենի ուսուցմանը։ Հետազոտության նպատակն է քննության առարկա դարձնել այդ ժամանակահատվածում պարսկերենի ուսուցումը հայկական դպրոցներում։ Հետազոտության իրականացման համար կիրառվել են պատմական և պատմահամեմատական մեթոդներ։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին Իրանի հայկական դպրոցները կրում էին Կովկասի հայկական դպրոցների ազդեցությունը։ Հաճախ Թբիլիսիից ուսումնական գրականություն էր բերվում Իրան, երբեմն էլ ուսուցիչներ էին հրավիրում։ Իրանի հայկական դպրոցներում այլ օտար լեզուների հետ մեկտեղ նաև պարսկերեն էին դասավանդում։ Սահմանադրական շարժման տարիներին հայկական դպրոցներում պարսից լեզվի դասաժամերն ավելացան։ Ռեզա շահի օրոք երկրի բոլոր դպրոցների տնօրինումը անցավ պետության վերահսկողության ներքո, և բոլոր դպրոցներում պարսկերենի դասավանդումը դարձավ պարտադիր։ Այսպիսով, 19-րդ դարի երկրորդ կեսին պարսկերենի ուսուցումը նպաստում էր ուսանողների ինտեգրմանը տնտեսական և հասարակական կյանքին, սակայն կրթական բարեփոխումներից և դպրոցական ծրագրի ստանդարտացումից հետո Իրանի բոլոր հայկական դպրոցներում պարսկերենի ուսուցումը աստիճանաբար դարձավ պարտադիր և ստանդարտացված։

  10. Գաօ Ջիանժին
    Գերմանա-թուրքական հարաբերությունները մակեդոնական բարեփոխումների ժամանակ (1903-1908 թթ.)
    էջեր 130-146

    1903 թվականի փետրվարին ավստրո-ռուսական «Վիեննայի համակարգի» ներդրմամբ մակեդոնական հարցը վերածվեց համաեվրոպական խնդրի։ Մեծ տերությունների դիվանագիտական ջանքերը Մակեդոնիայի բարեփոխումների շուրջ դարձան այն կարևոր գործոններից մեկը, որն ազդեց մեծ տերությունների միջև հարաբերությունների կարգավորման վրա։ Փորձելով ընդլայնել իր ազդեցությունը Թուրքիայում և զարգացնել գերմանա-թուրքական հարաբերությունները Մակեդոնիայի բարեփոխումների հետ կապված` Գերմանիան մնաց եվրոպական համակարգի լուսանցքում և խոչընդոտեց բարեփոխումների գործընթացին: Այնուամենայնիվ, Գերմանիան, կանգնելով Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության միջև ընտրության առջև, անցավ իր դաշնակից Ավստրո-Հունգարիայի կողմը: Օսմանյան կայսրությունը, օգտվելով մակեդոնական բարեփոխումների հարցում մեծ տերությունների միջև առկա տարաձայնություններից, փորձեց հնարավորինս դանդաղեցնել բարեփոխումների գործընթացը և պահպանել իր եվրոպական տարածքի ամբողջականությունը։ Կայսրության լիակատար փլուզումից խուսափելու համար Օսմանյան կայսրությունը փորձեց մակեդոնական բարեփոխումների ընթացում զարգացնել գերմանա-թուրքական բարեկամությունը, և ապագայում դիվանագիտական այս ընտրությունը դարձավ պետական քաղաքականության իրականացման հիմքը:

  11. Անուշ Հարությունյան
    Խորհրդային Ադրբեջանի բնակչության էթնիկ կազմը (ըստ 1921 թ. գյուղատնտեսական մարդահամարի)
    էջեր 147-159

    Հոդվածում փորձ է արվել ներկայացնել Խորհրդային Ադրբեջանի բնակչության էթնիկ կազմը՝ հենվելով 1921 թ․ գյուղատնտեսական մարդահամարի տվյալների վրա։ Թեև մարդահամարի անցկացումը թե՛ տեսական, թե՛ գործնական առումներով հեռու էր ժամանակակից իմաստով մարդահամարի անհրաժեշտ պահանջները բավարարելուց և էթնիկ որոշարկման մեխանիզմները դրանում ամենաթույլ կերպով էին արտահայտված, այնուհանդերձ այն հնարավորություն է տալիս, թեկուզ և ընդհանրացումների մակարդակում, պատկերացում կազմել 1918-1920 թթ․ արյունալի իրադարձություններից հետո ստեղծված էթնիկ ժողովրդագրական պատկերի մասին։ Այս տվյալները կարևոր են նաև հաջորդած մարդահամարների տվյալների հետ համեմատական անցկացնելու հնարավորության առումով, ինչը կլրացնի այն էթնիկ գործընթացների ամբողջությունը, որոնք տեղի ունեցան Ադրբեջանում խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին՝ համահունչ խորհրդային ազգային քաղաքականությանը։ Մարդահամարն անցկացվեց Խորհրդային Ռուսաստանում 1920 թ․ տեղի ունեցած գյուղատնտեսական մարդահամարի նմանությամբ և տեսական հիմքով։ Ըստ մարդահամարի` գյուղական բնակչության (1 516 923` առանց Նախիջևանի) 61,3 %-ը Ադրբեջանի թյուրքերն էին, մնացած հատվածը՝ հայեր (13.4 %), իրանական խմբեր՝ թաթեր, թալիշներ (11, 9 %), արևելակովկասյան լեռնականներ (6.8 %), ռուսներ (2.8 %), քրդեր (2.2 %), և այլն: Ադրբեջանի թյուրքերը մեծամասնություն էին կազմում միայն Շամախու, Արեշի, Ձևատի, Գյոքչայի, Ղազախի ուեզդներում։ Սակայն նրանց շրջանում ինքնության որոշարկման սկզբունքներն այժմ էլ, ինչպես և նախկին տասնամյակներում, շարունակում էին մնալ անհստակ՝ հաճախ պայմանավորվելով կրոնով, թյուրքալեզվությամբ, ծննդավայրով և այլ հանգամանքներով։ Ուստի Ադրբեջանի բնակչության տեսակարար հատվածը կազմող այս խումբը դեռևս գտնվում էր ինքնության որոնման միջանկյալ փուլում։ Այս են վկայում նաև վիճակագիրներն իրենց վերլուծություններում։

  12. Սին Յին
    Քարտերի վարչակազմի քաղաքականությունը Աֆղանստանի նկատմամբ
    էջեր 160-176

    Քարթերի վարչակազմը իշխանության եկավ վճռորոշ ժամանակաշրջանում, երբ Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները հանգիստ վիճակից անցում էին կատարում նոր առճակատման։ Աֆղանստանի նկատմամբ նրա քաղա-քականությունը ոչ միայն սահմանափակված էր ԱՄՆ-Խորհրդային Միություն հարաբերությունների ընթացքով, այլև անմիջական ազդեցություն է ունեցել դրա փոխակերպման վրա՝ մասնավորապես Արևելքի և Արևմուտքի միջև «նոր սառը պատերազմի» սկզբնավորման վրա։ Հոդվածում քննարկման առարկա է դարձել տվյալ ժամանակահատվածում Աֆղանստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության տարբեր դրսևորումները։ Այդ քաղաքականության ձևավորման նախադրյալները, փոփոխությունների պատճառները և զարգացման տրամաբանությունը։

  13. Գիտական կյանք
  14. Մոնիկա Միրզոյան
    «Կովկասի պատմության հիմնահարցեր» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Պ. Չոբանյանի ծննդյան 75 ամյակին
    էջեր 177-183